ՄԵԴԻԱԼԱԲ

Ներկայումս ՀՀ-ում գործող արվեստի կրթարաններում` ուսումնարաններ, գեղարվեստի թեքումով դպրոցներ, ԲՈՒՀ-եր եւ այլն, որպես կանոն, ուսուցանվում են բացառապես արվեստի ավանդական միջոցներ` խորհրդային շրջանի մեթոդաբանությամբ: Պատճառը տեխնիկական հիմքի և մասնագիտական գրականության բացակայությունն է, մասամբ էլ` նոր տեխնոլոգիաների նկատմամբ մերժողական վերաբերմունքը: 2008-ից Ուտոպիանա.ամ ՀԿ-ի կողմից նախաձեռնված Մեդիա Լաբորատորիա կիսամյա կրթական նախագծի հիմքում դրվեց այդ բացը լրացնելու կարևորությունը:

Մեդիա Լաբորատորիայի շրջանակում ծավալվող արվեստի արդիական պրակտիկաների շուրջ հետազոտական, քննարկային եւ փորձարարական գործընթացը նպատակ ունի նպաստել ուսանողների տեխնիկական եւ տեսական գիտելիքների ու արվեստագիտական փորձի ձեռք բերմանը, արվեստում նրանց ուրույն ձեռագրի ու խոսքի կերտմանն ու տեխնոլոգիաների նկատմամբ քննադատական կեցվածքի ձևավորմանը։

Ծրագիրն իրենից ներկայացնում է աշխատանքային հանդիպումների շարք, որի ընթացքում մասնակիցները ուսանում են.

  • լուսանկարչության պատմություն և տեսություն,
  • ստեղծագործական գրություն,
  • լուսանկարչության ավանդական և արդիական տեխնոլոգիաները,
  • կադրի կառուցման հմտություններ,
  • ֆոտոգրամաներ, կոլաժ և երկակի լուսակայում,
  • թվանշային լուսանկարի մշակման և խմբագրման գործիքներ,
  • օպերատորական հմտություններ,
  • սցենարի պատրաստում և ձևավորում,
  • մոնտաժային ծրագրեր և մոնտաժի տեսություն,
  • արվեստային նախագծի ձևակերպում և ներկայացում:

Ուտոպիանայի գրադարանը մասնակիցներին տրամադրում է մասնագիտական գրականություն և տեսանյութեր, իսկ տեխնիկական լաբորատորիաները՝ անհրաժեշտ գործիքներ: Մասնակիցները նաև հնարավորություն  են ստանում ծանոթանալ արվեստի տեղային եւ համաշխարհային համատեքստին, հանդիպել Երեւանում գործող եւ դրսեկ արվեստագետների, լուսանկարիչների, օպերատորների, քննադատների և համադրողների հետ:

Մեդիալաբի նախկին գործունեության վերաբերյալ առավել մանրամասն տես այստեղ
http://utopiana.am/category/medialab/