Արխիվ

Ուտոպիանայի ամենօրյա գործունեության արդյունքում տարիների ընթացքում աննկատելիորեն հավաքվել են փաստաթղթեր, գրքեր, ֆիլմեր, թղթապանակներ, ավարտուն և անավարտ նախագծեր։ Արդեն անցյալ դարձած այդ նյութերն այսօր էլ շարունակում են որոշակի ներկայություն ունենալ մեր գործունեության մեջ՝ որպես մտավոր և ֆիզիկական մի արմատացանց, որի առանձին էլեմենտները կարող են ցանկացած պահի ակտիվանալ։ Ակտիվացման այդ կամավոր ընթացքը, որը հնարավորություն է տալիս անդրադառնալ մեր անցյալին, երբ դրա պահանջը շեշտվում կամ հրատապ է դառնում մեր այսօրվա գործունեության համար, կազմում է արխիվավորման հանդեպ մեր մոտեցումը:

Ուտոպիանայի առցանց արխիվն այս մոտեցման զարգացման արդյունքն է՝ տեսա- ձայնային նյութեր, փաստաթղթեր, վավերագրեր, որոնք այսուհետ հասանելի են նաև հանրության լայն շրջանակի համար՝ հանդես գալով թե որպես կազմակերպության պատմություն, թե որպես անկախ նյութերի հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը կարող է ակտիվացվել՝ հանդիսանալով նյութ այլ հետազոտությունների համար՝ այդպիսով ակտիվացնելով նաև կենդանի արխիվի մասին մեզ հետաքրքրող մոտեցումները: